Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները մեծ արձագանք են գտել, հատկապես՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում ու նրանց հետ առնչվող շրջանակներում։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում և աֆիլացված արբանյակներում։ Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «իրենց թալանածը»:
«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին», –ասել է նա: