Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն։ Նա այդ մասին ասել է «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով Մեդիա կենտրոնի կազմակերպած ասուլիսի ընթացքում, հայտնում է Aysor.am-ը։
«Ընդ որում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում, այսպես կոչված, Խաղաղության համաձայանգրի նախագծի շուրջ այս հարցը պետք է հստակ դրված լինի։ Ավելին, սա պետք է լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիներն ազատ արձակվեն, ընդորում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման՝ համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել։ Ինչպես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եթե հայ գերիներն այդ հակամարտության համատեքստում վրեժխնդրորեն դատապարտվում են և որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար, կամ՝ ՀՀ-ին մեղադրելու համար՝ ինչ-ինչ հանցագործությունների մեջ»,- ասել է Բեգլարյանը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավոր մեխանիզմները՝ Մոսկվայի միջնորդական ջանքերից մինչև ԵԱՀԿ-ի առաջարկները, ԿԽՄԿ-ի միջոցով քայլերը, ինչպես նաև երրորդ երկրների հյուպատոսական ծառայությունների աջակցությունը։
«Բոլոր հնարավորությունները մենք պետք է փորձենք. որոշները կարող են հաջողության հասնել, որոշներն ադրբեջանական կողմից հստակ արգելքի արժանանալ, բայց, միևնույն է, դրա համար Ադրբեջանը ստիպված է գին վճարել, համապատասխան դիվանագիտական ռեսուրս կիրառել»,–ասել է նա։
Բեգլարյանը հավելել է, որ ՀՀ ռազմավարությունը հստակ է, և այդ մասին արդեն արտահայտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասել է, որ չեն ուզում բախումային տրամադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձը պահանջելիս, մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, գերիների վերադարձի հարցում և բազմաթիվ այլ պահանջներում, որոնք բխում են Արդարադատության միջազգային դատարանի ՀՀ դիմումից»,- նշել է նա։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է ապօրինի կերպով՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։