AM
10 March 2025 - 14:51 AMT

Ղուլյան․ Սիրիահայերը տարհանման հարց չեն բարձրացրել՝ մշտական կապի մեջ ենք

Լաթաքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը, անդրադառնալով Սիրիայում բախումների հետևանքով ստեղծված իրավիճակին, հայտնել է, որ այս պահին սիրիահայերի տարհանումը չի դիտարկվում՝ անվտանգության պայմաններից ելնելով։

«Սիրիայի մեր հայրենակիցները տարհանման հարց չեն բարձրացրել, սակայն մենք մշտական կապի մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, և անհրաժեշտության դեպքում տարհանում կարող է իրականացվել»,- վստահեցրել է Ղուլյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Սիրիայի Լաթաքիա քաղաքում իրավիճակը ներկայումս ավելի կայուն է, սակայն տեղացիները դեռ զգուշավորություն են դրսևորում։ Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Պողիկյանի խոսքով՝ իշխանությունները քննարկում են դպրոցների վերաբացման և բնականոն կյանքի վերականգնման հարցերը, և առաջիկա երկու օրերին պարզ կլինի հետագա քայլերի մասին։

«Հայկական թաղամասերում անմիջական վտանգ չկա, թեպետ կրակոցների ձայներ դեռ լսվում են։ Լաթաքիայի ամբողջ բնակչությունը, այդ թվում՝ հայերը, անհանգստացած են, քանի որ քաղաքում անկարգություններ են եղել։ Դրանք հիմնականում տեղի են ունեցել գյուղական շրջաններում և արվարձաններում»,- նշել է Պողիկյանը։

Նա նաև նշել է, որ ներկայումս անվտանգության նկատառումներով իշխանություններն ուժեղ վերահսկողություն են սահմանել․ Լաթաքիայում իրականացվում են խուզարկություններ, փողոցներում ստուգումներ են կատարվում՝ նոր անկարգությունները կանխելու նպատակով։

Վերջին օրերին Սիրիայում շարունակվում են բախումները, որոնց ընթացքում զոհվել են ալավիներ և քրիստոնյաներ։ Լիբանանյան «Al Nahar» պարբերականի տվյալներով՝ նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է հազարի, սակայն սա հստակ հաստատված ցուցանիշ չէ։

Ըստ հաղորդագրությունների՝ սպանվածների շարքում հայեր ևս կան։ Հաստատված տվյալներով՝ մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ սպանվել են Անթուան և Ֆատի Պութրոսները՝ հայ հայր և որդի։

Ընթերցեք նաև․ «Հայաքվե»․ Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը