AM
10 March 2025 - 14:57 AMT

Զարյան փողոցում բողոքի ակցիայի 2 մասնակցի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մարտի 7-ին Նաիրի Զարյան փողոցում անցկացված բողոքի ակցիայից հետո ձերբակալված 3 անձից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Երկու անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից մեկը մերժվել է»,- նշել է Ավդալյանը։

Դատարանը մերժել է այն անձի կալանավորման միջնորդությունը, որը մայթին բարձրացած մեքենայի դիմապակին կոտրել և հարվածել էր վարորդին։ Մյուս անձի կալանքի վերաբերյալ միջնորդությունը դեռևս քննվում է։

Ակցիայի մասնակիցներից մեկը պնդել է, որ վարորդն ավտոմեքենան վարել է իր ուղղությամբ։

Նաիրի Զարյան փողոցում մարտի 7-ին բողոքի ակցիա էին իրականացնում Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա շենքերի բնակիչները։ Նրանք փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել բարձրահարկ շենքի շինարարությունը։