AM
11 March 2025 - 06:49 AMT

ԱԳՆ. Սիրիայում տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին, տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ:

«Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի»,- նշել է նա։

Մարտի 10–ի դրությամբ Սիրիայի ծովափնյա քաղաքներում բախումները կառավարական ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև դեռևս շարունակվում են, Լաթաքիայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Հայաքվեն» կոչ է արել կազմակերպել սիրիահայերի տարհանումը։