Ավելի քան երեք ամիս առանց ղեկավար գործած Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նոր նախագահ կունենա։ 13-ժամյա մրցույթի ավարտից հետո հանձնաժողովի կողմից ամենաշատ ձայները ստացել է 3 թեկնածու՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։
Այս փուլից հետո երեք թեկնածուները պետք է ներկայացվեն Կառավարություն, որտեղ նրանցից մեկը, հավանության արժանանալուց հետո, պաշտոնապես կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, հայտնում է Factor.am-ը։
ՀԿԿ նախագահի պաշտոնի համար մրցույթին մասնակցել է հինգ թեկնածու, որոնց թվում եղել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը և փաստաբան Կարեն Բատիկյանը։ Խորհրդի անդամները բարեվարքության գնահատման արդյունքում Բատիկյանին տվել են 90 միավոր, Մաիլյանին՝ 266, Մարտիրոսյանին՝ 393, Նահապետյանին՝ 439, իսկ Քոչարյանին՝ 379 միավոր։ Թեկնածուները պետք է հաղթահարեին նվազագույնը 300 միավորի շեմը։
Հանձնաժողովի անդամները թեկնածուներից յուրաքանչյուրին տարբեր հարցեր են ուղղել՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու բարեվարքությունը գնահատելու նպատակով։
Սա մրցույթի երկրորդ փուլն էր. առաջին փուլում Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը չէր կարողացել հաղթահարել բարեվարքության շեմը։