AM
11 March 2025 - 08:28 AMT

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, քանի որ դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով՝ մինչև հունիսի 11-ը։

Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Տիգրան Աթանեսյանը դատարանից խնդրել էին վերացնել տնային կալանքը, սակայն դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է այդ միջնորդությունը՝ հիմնավորելով, որ նախորդ որոշման մեջ նշված մտահոգությունները դեռևս չեն վերացել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հետևաբար, դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում տնային կալանք խափանման միջոցի վերացման պատճառ չկա»,– հայտարարել է դատավորը։

Արմեն Աշոտյանը, արձագանքելով դատարանի որոշմանը, նշել է, որ 6 ամսվա ընթացքում ՀՀ պրոբացիայի ծառայությունը 21 անգամ այցելել է իր տուն, սակայն որևէ խախտում չի արձանագրվել, և ինքն ամբողջությամբ պահպանել է սահմանված ռեժիմը։

Աշոտյանը հավելել է, որ իր նկատմամբ կիրառված արգելքներն առավելապես սահմանափակում են միջազգային հարթակներում իր ներկայացվածությունը, քանի որ նա չի կարող մասնակցել համապատասխան միջոցառումներին։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 31-ին՝ ժամը 16:00-ին։

Աշոտյանին արգելված է մինչև դատավարության ավարտը կապ հաստատել որևէ մեկի հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների։ Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել նաև ԱԺ այն պատգամավորները, ովքեր նախկինում տեսակցել են նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Աշոտյանը, գտնվելով տնային կալանքի մեջ, ունի հոդվածներ գրելու և դրանք փաստաբանների միջոցով մամուլին փոխանցելու հնարավորություն։

Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 16-ին, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք։

Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույքի հափշտակության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ձեռք են բերել ուռճացված գներով, որոնց հաջորդել են «ատկատային» գործարքներ։ Այդ ժամանակ Աշոտյանը ղեկավարել է բուհի հոգաբարձուների խորհուրդը։