Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Գլխավոր դատախազությունն, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ Բալասանյանը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է հանդիսանում, հայտնում է Արմենպրեսը։
«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով «Սև Բերդ» ամրոցը ևս քննության առարկա է: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի համապատասխան կարգադրությամբ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ, «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլի 22-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը»,–ավում է դատախազության պարզաբանման մեջ։
Փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել դատախազության պարզաբանմանը՝ նշելով, որ ըստ դատախազության՝ Սամվել Բալասանյանի հայտարարությունը Սև բերդի վերաբերյալ սխալ է, քանի որ այդ հարցով քրեական գործ է քննվում Քննչական կոմիտեում։
Փաստաբանի համոզմամբ՝ վարչապետին սխալ տեղեկություն է տրամադրվել, և այժմ այդ հանգամանքը փորձում են քողարկել նման հայտարարություններով։ Նա կարևորել է, որ Սև բերդի վերաբերյալ գոյություն ունի քաղաքացիական դատարանի օրինական ուժ ստացած վճիռ։ Գործով հայցվոր է եղել ԿԳՄՍ նախարարությունը, սակայն հայցն առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մերժել է, իսկ նախարարությունը չի բողոքարկել այն՝ հասկանալով, որ իրենց պահանջն անհիմն է։
Տիգրան Գրիգորյանը անդրադարձել է նաև 2020 թվականին հարուցված քրեական գործին՝ ընդգծելով, որ այն կարճվել է ՀՔԾ-ի կողմից դեռևս 2021 թվականի ապրիլին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Ըստ նրա, դատախազությունը պնդում է, թե Սև բերդի գործով դեռևս քրեական վարույթ է ընթանում, սակայն եթե դա այդպես լիներ, ապա նախ պետք է վերացվեր 2021 թվականին կայացված կարճման որոշումը։ Փաստաբանը նշել է, որ դատախազը կարող էր այդ որոշումը վերացնել միայն վեցամսյա ժամկետում, մինչդեռ այդ ժամկետն արդեն անցել է։
Փաստաբանը հավելել է, որ որպես Սամվել Բալասանյանի պաշտպան՝ ինքը որևէ դատավարական փաստաթուղթ չի ստացել, և նման վարութային ակտ Սամվել Բալասանյանը ևս չի ստացել։ Եթե ենթադրենք, դատախազը վերացրել է ՀՔԾ քննիչի 2021 թվականի կարճման որոշումը, ապա պաշտպանը դժվարանում է պատկերացնել, թե դա երբ և ինչ հիմքով է կատարվել, քանի որ իրենք այդ մասին սահմանված կարգով չեն տեղեկացվել։ Նա ընդգծել է, որ երբ պատշաճ կարգով տեղեկացվեն, նման անօրինական որոշումը միանշանակ կբողոքարկեն դատական կարգով։
«Սամվել Բալասանյանն օրինական ճանապարհով է գնել Սև բերդը և հանդիսանում է բարեխիղճ ձեռքբերող, ուստի խոսք չի կարող գնալ քրեորեն հետապնդելի որևէ արարքի մասին»,–ասվում է գրառման մեջ։
2024 թվականի հոկտեմբերի 2-ին Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։
Բացի այդ, քրեական գործ է հարուցվել նաև Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ, ինչպես նաև ևս երեք անձանց դեմ։ Նրանցից չորսի գործերը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել հաստատված մեղադրական եզրակացությամբ։ Սամվել Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա հայտարարվել է հետախուզման։