Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած բձենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Այդ մասին ասել է «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն Կարինե Բաբայանը, տեղեկացրել է Sputnik Արմենիային։
Նրա մարմնի ավելի քան 50 տոկոսը ծածկված էր 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով, իսկ շնչուղիները նույնպես վնասված էին։
«Մյուս վիրավորի վիճակը միջին ծանրության է, նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ ենք տեղափոխել»,- ասել է Բաբայանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այգավանի բենզալցակայանի պայթյունի հետևանքով 3 քաղաքացի էր տեղափոխվել հիվանդանոց։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Երրորդ տուժածը հետազոտվել էր Արարատի բժշկական կենտրոնում, ապա՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոնում», սակայն նրա վնասվածքները լուրջ չէին, ուստի հոսպիտալացում չէր պահանջվել։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազով լցված մոտ 25 տոննա տարողությամբ գլանատակառի պայթելու հետևանքով։