AM
11 March 2025 - 11:13 AMT

Արինբերդի բնակիչները փակել են փողոցը՝ պահանջելով վերանորոգել այն

Արինբերդի փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհն ու բարձրաձայնելով դրա անմխիթար վիճակի մասին։

Բնակիչներից մեկի խոսքով՝ ճանապարհն ունի տնտեսական նշանակություն, քանի որ տարածքում գործում են տարբեր ձեռնարկություններ և գործարաններ, որոնց սպասարկող տոննայանոց բեռնատարներն աստիճանաբար քայքայել են ասֆալտը։ Տեղացիների խոսքով՝ եղանակային փոփոխությունները ևս ավելի են վատթարացնում վիճակը, հայտնում է «Փաստինֆթն»։

«Մենք պարբերաբար դիմել ենք պետական մարմիններին, ՏԻՄ-ին, բայց մինչև օրս արձագանք չկա, վերջին վերանորոգումը կատարվել է մոտ 10 տարի առաջ։ Կայարանից մինչև Արցախի փողոցի վերջը՝ Արինբերդի սկիզբը կազմում է 4-5 կմ, այդ հատվածը մենք անցնում ենք այնքան ժամանակում, որքան անցնում ենք Արինբերդի 980 մետրանոց փողոցը»,–ասել է ակցիայի մասնակիցը։

Բնակիչները նաև բարձրաձայնել են տրանսպորտային խնդրի մասին՝ նշելով, որ թաղամասը սպասարկում է միայն 48 համարի ավտոբուսը, ընդ որում՝ գծում գործում է ընդամենը երկու մեքենա, որոնք չեն կարողանում ապահովել բնակիչների պահանջարկը։

«Շատերը չեն կարողանում աշխատանքի ընդունվել հենց այն պատճառով, որ տրանսպորտ չկա»,– դժգոհել են նրանք։

Քաղաքացիների խոսքով՝ դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ 2025 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է փողոցի վերանորոգումը, սակայն մինչ այժմ որևէ քայլ չի ձեռնարկվել։

«Մինչդեռ, փողոցում մեծ փոսեր կան։ Ընդ որում՝ ես քաղաքապետարանին ասել եմ, որ քանի որ այս հատվածում մեծ՝ տոննայանոց մեքենաներ են անցնում, այս տարածքներում ասֆալտապատումը պետք է արվի բեռոնային տարբերակով, որովհետև սովորական ասֆալտապատման դեպքում 2 տարի անց կրկին քանդվելու է փողոցը»,–ասել է մասնակիցներից մեկը։