Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացի դին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բոլոր տուժածներնԻսպանիայի քաղաքացիներ են։
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արագած լեռան վրա 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել էին դուրս գալ, 1–ն անհետ կորել էր։ Տուժածները հոսպիտալացվել են թեթև ու միջին պոլիտրավմաներով։
«Նախնական տվյալներով 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտնել է, որ հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների փրկարարական գործողություններին։ Նա այդ մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում, հայտնում է Արմենպրեսը։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 51 փրկարար ծառայող, ինչպես նաև «Armenian Helicopters» ընկերության երկու ուղղաթիռ։