GALLUP International Association-ի հայաստանյան լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման արդյունքները, որոնք վերաբերում էին նաև քաղաքային իշխանությունների աշխատանքին։
Ըստ հարցման, երևանցիների մոտ 80%-ը նշել է, որ քաղաքային իշխանություններն ընդհանրապես պատրաստ չէին ձյան տեղումներին, գրում է «Առավոտը»։
Փետրվարի վերջին տեղացած առատ ձյունը հանգեցրել է տրանսպորտային խնդիրների ու բազմաթիվ վթարների։
Հարցված քաղաքացիներից 17․1%-ը նշել է, որ մարզային ու Երևանի իշխանությունները լիովին պատրաստ էին, 21․7%-ը համարել է, որ ավելի շուտ պատրաստ էին, մինչդեռ 13․5%-ի կարծիքով՝ ավելի շուտ պատրաստ չէին, իսկ 45․4%-ը վստահ է, որ իշխանություններն ընդհանրապես պատրաստ չէին։
Մասնավորապես Երևանում հարցվածների միայն 5․3%-ն է համոզված, որ քաղաքային իշխանությունները լիովին պատրաստ էին ձյան տեղումներին, 58․6%-ը նշել է, որ դրանք ամբողջությամբ անպատրաստ էին, իսկ 17․7%-ը նշել է, որ որոշ չափով պատրաստված էին։
Արամ Նավասարդյանի խոսքով՝ ըստ այս տվյալների, երևանցիների մոտ 80%-ը կարծում է, որ քաղաքային իշխանությունները ձյան տեղումներին ընդհանրապես պատրաստ չէին։