Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդ աշխատանքից ազատվել է՝ դժգոհելով աշխատավարձի հաշվարկման մեխանիզմից։
«Ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միևնույն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»,- գրել է Սուքիասյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մեկնաբանել է Սուքիասյանի գրառումը՝ շեշտելով, որ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վարորդները դեռ չեն ստացել նախորդ ամսվա աշխատավարձը, ուստի չեն կարող դիմում գրել և ազատվել աշխատանքից։
«Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը»,- նշել է Ասատրյանը։