Դատախազությունը մտադիր է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդում սկսել առանձնապես խոշոր չափով կաշառքի և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով։ Այս մասին ասվում է Դատախազության ներկայացրած միջնորդագրում։
Հետաքննության շրջանակում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին, ծանոթացրել է Սլավիկ Պողոսյանի հետ։ Վերջինս, իր հերթին, Աղազարյանի օգնությամբ փորձել է կազմակերպել 150,000-200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի և կարանտինային պայմանների պահպանման, հայտնում է Factor.am-ը։
2023 թվականի օգոստոսի 8-ին Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը հանդիպել են Հովիկ Աղազարյանի հետ, որի ընթացքում առաջարկել են 200.000-300.000 ԱՄՆ դոլար՝ արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց։ Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ։
Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աղազարյանը Սլավիկ Պողոսյանին հրավիրել է հանդիպման, որի ընթացքում նշել է, որ արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել, և գործընթացն սկսելու համար պահանջել է 100,000 ԱՄՆ դոլար։ Սակայն, երբ Աշոտիկ Կամավոսյանը հաջորդ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել տրամադրել միայն 20,000 ԱՄՆ դոլար, Աղազարյանը հրաժարվել է՝ պնդելով նախապես համաձայնեցված գումարի անհրաժեշտությունը։
Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ Աղազարյանը 23,000 ԱՄՆ դոլար և 300,000 ՀՀ դրամ կաշառք է ստացել «Էկո սիթի Ա.Ռ.» ՍՊԸ հիմնադիր Արամ Մկրտչյանից՝ Երևանում դպրոցի շենքի քանդման և տարածքի մի մասի՝ ընկերությանն անհատույց տրամադրման գործընթացն իրականացնելու համար։ Չնայած ստացված գումարին, Աղազարյանը չի կարողացել կազմակերպել անհրաժեշտ թույլտվությունները և հրաժարվել է վերադարձնել գումարը։
Դրանից հետո Արամ Մկրտչյանն իր քույր Ռուզաննա Մկրտչյանի ընկերուհի Գոհար Սարգսյանի միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ և նրան խնդրել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանն իրեն վերադարձնի վերցրած գումարը:
Այսպիսով, ըստ միջնորդագրի, Հովիկ Աղազարյանը լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով։