AM
13 March 2025 - 10:27 AMT

Երևանյան ավտոսերվիսում պահվող գորշ արջը տեղափոխվել է հատուկ կենտրոն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է գորշ արջի փրկարարական գործողություն՝ արջին տեղափոխելով Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։

Արջը հայտնաբերվել է Երևանի Սիլիկյան թաղամասի ավտոմեքենաների վերանորոգման կետում՝ պահվել է նեղ ու խավար վանդակում, հայտնում է հիմնադրամը։

Գործողությունը նախաձեռնել են մտահոգ քաղաքացիները, ովքեր ահազանգել են վայրի կենդանու վատթար պայմանների մասին։ Արջը գտնվել է ծայրահեղ անբարենպաստ միջավայրում՝ զրկված մասնագիտական խնամքից, պատշաճ սննդից և կենսապայմաններից։ Փրկարարական գործընթացին միացել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։

Նախնական զննությամբ պարզվել է, որ կենդանին ունի առողջական խնդիրներ. նրա թաթերը վնասվել են բետոնի վրա շարունակ քայլելուց, հայտնաբերվել են կոտրված ատամներ, իսկ սառցապատ հատակի վրա տեղաշարժվելը դարձել է դժվար։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արջը նախկինում պահվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, որտեղ Վարդան Վարդանյան անունով քաղաքացին բնակելի գոտում՝ մանկապարտեզների և դպրոցների հարևանությամբ, շարունակում է պահել ևս երեք գորշ արջի՝ անընդունելի պայմաններում։ Այդ արջերը դեռևս գտնվում են վտանգված վիճակում, իսկ հարակից բնակիչները ենթարկվում են պոտենցիալ վտանգի։

«Գորշ արջը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակ է, և նրանց անօրինական պահելն ու վատ վերաբերմունքը ոչ միայն դաժանություն է կենդանիների նկատմամբ, այլև պատժելի արարք», – նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և խնամք։ Մասնագետներն ուսումնասիրում են նրա առողջական ու հոգեբանական վիճակը՝ հետագա վերականգնման ծրագիր մշակելու նպատակով։

Հիմնադրամը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Մալաթիա-Սեբաստիա թաղամասում պահվող երեք արջերի փրկության համար և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին։ FPWC-ն նաև հորդորում է քաղաքացիներին՝ տեղեկացնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանի առաջատար բնապահպանական կազմակերպություններից է։ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության աջակցությամբ հիմնադրամը ստեղծել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC), որը միակն է իր տեսակում՝ ապահովելով վտանգված կենդանիների խնամքը։ Կենտրոնի գործունեության ընթացքում մի քանի տասնյակ արջեր փրկվել և տեղափոխվել են այստեղ՝ ազատվելով ռեստորաններում, բենզալցակայաններում, ավտոկայաններում և այլ մասնավոր տարածքներում պահվելուց։ Կենտրոնում նրանց տրամադրվում է մասնագիտական խնամք, հատուկ սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն, այդ թվում՝ ձմեռման նախապատրաստական աշխատանքներ։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որն մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը FPWC-ի ռազմավարական գործընկերն է և համատեղ իրականացնում է Արջերի փրկության ծրագիրը։