AM
14 March 2025 - 10:34 AMT

Ներկայացվել է ԼՂ-ից տեղահանվածների հրատապ սոցիալական աջակցության նախագիծը

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի նիստը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության հարցերով։ Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նիստի օրակարգում ներառված է եղել մեկ հարց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նախագիծը։

Ծրագիրը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ով ընդգծել է, որ այս աջակցությունը նախատեսված է որպես առանձին նախաձեռնություն՝ գործող սոցիալական ծրագրերին զուգահեռ։ Օգտվել կարող են անապահովության գնահատում անցած ԼՂ-ից տեղահանված քաղաքացիները։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները, որի արդյունքում ծավալվել է քննարկում և հարցուպատասխան։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։