AM
14 March 2025 - 11:39 AMT

Կոստանյան. Այո, տուգանքների մասին նախաձեռնություն կա

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ տրանսպորտում չվճարող քաղաքացիների համար տուգանքների վերաբերյալ նախաձեռնություն արդեն կա։

«Դրա մասին մենք ասել ենք, և ես չեմ պատրաստվում դա թաքցնել, մի շաբաթից ավելի այդ նախագիծը տեղադրված է համապատասխան կայքում։ Տուգանքների կիրառումն իրականացվելու է՝ երբ ԱԺ-ի կողմից հավանության կարժանանա»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Կոստանյանը հավելել է, որ մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափն էլ է որոշակի տարբերություն ունենալու։

«Մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, մյուս դեպքում՝ փաստացի տարեկան փաթեթ ունեցող և, առհասարակ, որևէ տրանսպորտում վճարում չկատարող մարդուն»,-ասել է Կոստանյանը՝ ընդգծելով, որ նախագիծն ընդունվելուց հետո տուգանքների կիրառումը կկազմակերպվի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից»,–ասել է խոսնակը։

Նա նաև նշել է, որ այս նախաձեռնության նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ այն, որ տրամադրված ծառայությունների համար պետք է վճարել։

Վերջին շրջանում Երևանում շարունակվում են ընդդիմադիր ավագանու անդամների մասնակցությամբ բողոքի ակցիաները՝ տրանսպորտի գների բարձրացման դեմ։ Քաղաքացիների մի մասը հրաժարվում է վճարել կամ վճարում է 100 դրամ, ի նշան բողոքի։ Օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, ըստ որոշ գնահատականների, նպատակ ունի կանխել նմանատիպ ակցիաները;