AM
18 March 2025 - 06:05 AMT

Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊՆ–ն հերքում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հերթական ապատեղեկատվությունը, համաձայն որի՝ մարտի 17-ին ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան ու հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում։

ՊՆ–ն հիշեցվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը նախկինում առաջարկել է Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել՝ հրադադարի խախտումների և դրանց մասին տեղեկությունների հետաքննության նպատակով։ Սակայն, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը մինչ օրս որևէ պատասխան չի տվել այդ առաջարկին։

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշման համաձայն՝ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացրած տվյալները, եթե դրանք փոխանցվեն ՀՀ-ին։

Սա մարտի 17–ին տարածված Ադրբեջանի արդեն երկրորդ ապատեղեկատվությունն էր։

Մարտի 16–ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրար հաջորդող ապատեղեկատվությունը։ ԵՄ առաքելությունն իր հերթին հանգիստ է գնահատել վիճակը Ադրբեջանի հետ սահմանին՝ նշելով, որ ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում: