AM
18 March 2025 - 08:26 AMT

Արտենի-Արագածավան ճանապարհին վթարից 4 մարդ է մահացել

Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Միմյանց են բախվել «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել երկու վարորդի և «Nissan»-ի երկու ուղևորի մարմինները՝ դրանք մոտեցնելով շտապօգնության ավտոմեքենային։

Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի հարևանությամբ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների աջակցությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «Skoda» մակնիշի ավտոմեքենան և «GAZ» մակնիշի բեռնատարը։ «Skoda»-ի վարորդը մահացել է դեպքի վայրում։

Մինչ փրկարարների ժամանումը, «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդն ու ուղևորը դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բուժհաստատություն։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնների փականները, մաքրել ճանապարհը, ինչպես նաև «Skoda»-ից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։