AM
18 March 2025 - 13:20 AMT

Տեր Եսային՝ կարգալույծ քահանայի մասին․ Մասնակցել է հակաեկեղեցական խմբի գործողություններին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանել է Արմեն քահանա Մելքոնյանի կարգալուծման պատճառները։

Նշվում է, որ վերջինս մասնակցել է հակաեկեղեցական խմբի գործողություններին, ինքնակամ լքել է ծառայության վայրը։

«Նախկին Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանի կարգալուծության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգին ուղղված հարցումների առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։

Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական ձեռնադրություն է ստացել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո՝ Սիրիայի Բերիո թեմում, առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ, և նշանակվել է ծառայության Սիրիայի հայկական համայնքներում։ Այնուհետև նա լքել է այդ ծառայության վայրը և տեղափոխվել Եվրոպա։ Թեմակալ առաջնորդի խնդրանքով և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նրան հնարավորություն է տրվել ծառայությունը շարունակելու Գերմանիայի հայոց թեմում։

Այնուհետև նա տեղափոխվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն՝ մասնավորապես Բելգիայի և Հոլանդիայի հայոց համայնքներ։ Սակայն իր գործունեության ընթացքում Արմեն քահանան պարբերաբար հայտնվել է Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ուշադրության կենտրոնում՝ առանց հոգևոր իշխանության թույլտվության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու, ինչպես նաև եկեղեցական իշխանության նկատմամբ անարգալից հայտարարություններ և զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու պատճառով։

Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» կոչվող հակաեկեղեցական խմբի գործողություններին։

Չնայած նրան տրվել է հնարավորություն վերանայելու իր քայլերը և վերադառնալու կանոնական դաշտ, սակայն նա շարունակել է հակականոնական գործունեությունը։ 2024 թվականին, շրջանցելով առաջնորդական տեղապահին, կապ է հաստատել Բուլղարիայի հայոց թեմի որոշ ներկայացուցիչների հետ և նոյեմբերի 5-ից ինքնակոչ կարգով սկսել է քահանայական ծառայություն մատուցել Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը գրավոր հորդորել է նրան դադարեցնել այս գործողությունները և վերադառնալ նախկին ծառայության վայր, սակայն նա մերժել է այդ առաջարկը և շարունակել է իր հակականոնական գործունեությունը։

Այսպիսով, սպառված համարելով նախկին Արմեն քահանային կանոնական դաշտ վերադարձնելու բոլոր հնարավոր միջոցները՝ հիմք ընդունելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի միջնորդագրերը, ինչպես նաև կարգազանցությունների վերաբերյալ հանձնախմբի եզրակացությունը, Արմեն քահանա Մելքոնյանը հռչակվել է կարգալույծ՝ հետևյալ խախտումների համար․

  • եկեղեցականի հնազանդության ուխտի խախտում,
  • ծառայության վայրի ինքնակամ լքում,
  • առանց թեմակալ առաջնորդի թույլտվության՝ այլ տարածաշրջանում հովվական ծառայություն իրականացում,
  • հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդություն,
  • եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունք և զրպարտչական հայտարարություններԱրմեն քահանա Մելքոնյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ հռչակվել է կարգալույծ։