Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում է նվազեցնել տրանսպորտի ուղեվարձի արժեքը։ Ավագանու նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ հանրային տրանսպորտին վերաբերող հարցն արդեն մեկ տարուց ավելի է քննարկվում է, վերջերս էլ 80 հազար քաղաքացու պահանջով այն կրկին ընդգրկվել էր օրակարգ։
Նա ասել է, որ խմբակցությունն այս հարցն այլևս արդիական չի համարում և այդ պատճառով «ՔՊ»-ն ու «Հանրապետություն» խմբակցություններն ամբողջ կազմով չեն մասնակցելու քննարկմանը, հայտնում է Panorama.am-ը։
Նիստին ներկա էր միայն փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով լրագրողներին տեղեկացրել է, որ եկել է նիստը վարելու։
Քննարկման ընթացքում անջատվել է նաև նիստի ուղիղ հեռարձակումը։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է Երևանի ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների կողմից «Մայր Հայաստանի» նախաձեռնած հանրային տրանսպորտի նոր սակագների քննարկման բոյկոտին, հայտնում է «Առավոտը»։
«Սա ՔՊ-ական դասալքություն է։ Սա ցույց է տալիս, որ իրենք բովանդակային դաշտում որևէ փաստարկ չունեն։ Քաղաքային տրանսպորտը թանկացրել են բառիս բուն իմաստով թալանի նպատակով։ Մենք առարկայական ու բովանդակային բոլոր հիմնավորումները կարող ենք ներկայացնել, որ տրանսպորտի գինը 65 դրամի սահմաններում է, վատագույն դեպքում՝ 92 դրամի սահմաններում»,- ասել է Թևանյանը։
Նա հավելել է, որ պատրաստվում էր ներկայացնել հաշվարկները, սակայն ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: