ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական դաշտում շատերն այսօր ձգտում են տարանջատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Նա համոզված է, որ ժամանակի ընթացքում այս երևույթը կդրսևորվի նաև ՔՊ-ում, որտեղ շատերը, ըստ նրա, կփորձեն հրապարակայնորեն մերժել իրենց մասնակցությունն այդ գործընթացին։
«Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի: Դարձել է չումա, որից առողջ և անառողջ շատ ուժեր փորձում են հեռու մնալ ու մաքրվել ոչ հեռու անցյալում ունեցած իրենց առնչությունց:
Սա շատ նորմալ է և նույնիսկ գովելի, որ ամեն կերպ փորձում են տարանջատվել Նիկոլից: Բայց պետք է ի նկատի ունենալ, որ դա չի ստացվելու անել ՀՀԿ հաշվին: Պետք չէ ենթադրություններ հորինել, վարկածներ ծնել, եղելություններ կեղծել և յորովի մեկնաբանություններ անել:
Պետք է նաև ի նկատի ունենալ, որ պետության կենսական շահերի դեմ սպառնալիքների, քաղաքացիական բախումների ու անմեղ զոհերի շանտաժով, 2018թ. մայիսի 8-ին ՀՀԿ-ից շորթված 11 քվեների պատասխանատվությունն էլ է նիկոլիզմի ու նրա երբեմնի ջատագովների վրա:
Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները:
Իշխանափոխությունից հետո պարզաբանման ենթակա հարցերից մեկն էլ պետք է լինի «Նիկոլին իշխանության բերելու» ներքաղաքական շահառուների և տարբեր շրջանակների մերկանտիլ ակնկալիքների բացահայտումը:
Մինչ այդ, համընդհանուր աղմուկի մեջ, թացը չորին խառնած, կորցրել ու կորցնում ենք ամենաթակը՝ երկիրը»,–գրել է նա: