AM
19 March 2025 - 08:04 AMT

ՔԿ․ ԶՊՄԿ-ում բողոքի ակցիաների գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` ԶՊՄԿ–ում, բողոքի ակցիաների գործի շրջանակում դեռևս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան։

Գերատեսչությունից հայտնել են, որ կոմբինատի ներկայացուցչի դիմումների հիման վրա ՔԿ Սյունիքի մարզային վարչությունում հարուցվել է 3 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով («Ինքնիրավչություն»), որոնք միացվել են մեկ գործի շրջանակում։

«Նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, այս փուլում որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի նախաձեռնվել»,- նշել են Քննչական կոմիտեից։

ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլը, որը սկսվել էր փետրվարի սկզբին, տևել է մոտ 10 օր՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով։ Ընկերության ղեկավարության տվյալներով՝ գործադուլին մասնակցել է մոտ 200 աշխատակից 4600-ից։ Փետրվարի 11-ին ձեռնարկությունը հայտարարել է, որ վերսկսել է աշխատանքը։

Կոմբինատից նշել են, որ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը ընկերության աշխատակիցներ չեն, հաստիքացուցակում գրանցված չեն և նույնիսկ չեն բնակվում Քաջարանում կամ Կապանում։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը համարվում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունն ու հարկատուն։ Ընկերությունը 2024 թվականին պետական բյուջե է վճարել ավելի քան 100 մլրդ դրամ (256 մլն դոլար)։