AM
19 March 2025 - 08:12 AMT

Կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը․ Սպիտակ վագր Ալբան նոր ազատավանդակ կունենա

Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն:

Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Զեբերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են լինելու: Գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր՝ բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը և ձմեռանոցը:

Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում:

Հղկվում, ներկվում և ներոգվում են փայտային և երկաթային բոլոր մասերը: Այգին նաև տեխնիկայով է վերազինվում:

Կենդանաբանականը նաև շուտով նոր լոգո կունենա, գովազդային բոլոր նյութերը փոխարինվում են: