Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է՝ «դժվար չէ ենթադրել, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով»։
Նրա խոսքով, էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու, հայտնում է Aysor.am-ը։
«Բայց ավելի էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու, ոնց որ չստորագրեց 2023 թ. Գրանադայի թուղթը, կամ որևէ այլ բան։ Թուղթ պետք է միայն ՀՀ դե-ֆակտո վարչապետին, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի, որ «ինքը խաղաղության բերեց, բայց նույնիսկ դա բավական չէր, որ Ադրբեջանին կանգնացնեինք»,–նշել է նա։
Գեղամյանի կարծիքով, Ադրբեջանին զսպելու միակ տարբերակը կազմակերպված, դիմադրող ու զարգացող պետություն ունենալն է։
«Մինչդեռ Ադրբեջանին կարող է կանգնացնել կազմակերպված, դիմադրող ու ամեն օր զարգացող պետությունը, որը կարող է լինել, եթե չլինի Հայաստանի այսօրվա իշխող խմբավորումը», – հավելել է նա։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: