AM
20 March 2025 - 09:26 AMT

«Արթուն ենք». Նոր հանրային շարժում՝ ընդդիմադիրների և հանրության գործակցության համար

Ձևավորվում է «Արթուն ենք» հանրային շարժում, որն իր վրա է վերցնում ընդդիմադիր ուժերի և հանրության երկխոսության ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջների բարձրաձայնման գործառույթը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շարժման հանրային կապերի պատասխանատու հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Մենք ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիներ ենք, որոնք կտրականապես անհամաձայն են իշխանության գործողություններին և պատրաստ են օգտվել բոլոր հնարավորություններից՝ իշխանափոխության հասնելու համար։ Վերջին յոթ տարիներին մենք մասնակցել և աջակցել ենք այդ նպատակին միտված բոլոր շարժումներին, հանրահավաքներին, ընտրություններին, ստորագրահավաքներին, քննարկումներին ու միջոցառումներին, սակայն՝ առանց հաջողության։ Մեզ բերման են ենթարկել, կալանավորել, հետապնդել, սադրել, մեզ վրա կիրառել են հակաքարոզչություն, բռնություն և խոշտանգումներ։ Չնայած դրան՝ մենք չենք հրաժարվել մեր պայքարից, սակայն պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակության միջև ստեղծվել է խոր անվստահություն։

Տարբեր հարցումների համաձայն՝ հանրության 70%-ը դեմ է գործող իշխանությանը, սակայն միևնույն ժամանակ չի վստահում քաղաքական ընդդիմությանը։ Այս անվստահության խորացումը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։ Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ ընդդիմության թափանցիկության և հաշվետվողականության պակասի, ինչպես նաև սխալների ու անվճռականության հետևանքով։ Յուրաքանչյուր անհաջող շարժումից ու ընտրություններից հետո հասարակության մոտ մնում են բազմաթիվ անպատասխան հարցեր, մինչդեռ պատասխանատուները մեղադրում են հենց ժողովրդին։ Արդյունքում՝ իշխանությունն արդեն 7 տարի շարունակ մնում է իր դիրքերում՝ անարգել իրականացնելով իր քաղաքականությունը։

Մենք համոզված ենք, որ վճռական և արդյունավետ առաջնորդության հարթակի ձևավորման պատասխանատվությունը մնացել է հենց հանրության վրա։ Մենք պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր իսկական ընդդիմադիր ուժի՝ իշխանափոխության համար հստակ և վճռական գործընթաց ապահովելու հարցում, միաժամանակ բացառելով քաղաքական ցածրորակ արկածախնդրությունների ու զավզակության հնարավորությունը։

Այս նպատակով մենք նախաձեռնել ենք «Արթուն ենք» հանրային շարժումը, որը ստանձնելու է ընդդիմադիր ուժերի և հասարակության միջև երկխոսության կազմակերպումն ու հանրային պահանջների բարձրաձայնումը՛,–ասվում է գրառման մեջ։