AM
20 March 2025 - 09:50 AMT

Փարաքարում «Միասնության» թեկնածու․ Մեր կոալիցիան լինելու է ժողովրդի հետ

«Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, ով մասնակցում է Փարաքար համայնքի ՏԻՄ արտահերթ ընտրություններին,հայտնել է, որ քարոզարշավն ընթանում է բարձր մակարդակով, բնակիչների լայն աջակցությամբ և արդյունավետ կերպով։ Նորակերտ համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո նա ընդգծել է, որ ինքը և իր քաղաքական թիմը լավատեսորեն են գնահատում իրենց հնարավորությունները։

Նա նշել է, որ նախորդ ընտրություններից հետո տեղի ունեցածը էլ չի լինի, որովհետև իր կոալիցիան լինելու է ժողովրդի հետ, ինչը բերելու է հաղթանակ, հայտնում է Aravot.am-ը։

Լրագրողի այն հարցին, թե մրցակից ուժերի արձագանքներին հետևո՞ւմ է, նա նշել է. «Ես չեմ հետևում մրցակիցներին: Մենք մեր քարոզարշավն ենք անցկացնում՝ անհատապես շփվելով ժողովրդի հետ, զրուցելով և գնահատում ենք մեր արդյունքները»:

Հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ նշել էր, որ իր առավելությունը քիչ խոսելու մեջ է, Գրիգորյանը պատասխանել է. «Եթե հիշում եք, ասացի նաև, որ գաղտնիքն է այդտեղ: Կուզեմ, որ դա գաղտնիք մնա»:

Անդրադառնալով իշխող ուժի այն հայտարարությանը, թե համայնքում խոչընդոտներ կան ընդդիմության պատճառով, Գրիգորյանը նշել է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում առաջարկել են համատեղ կառավարել համայնքը, սակայն դա մերժվել է, իսկ երբ իշխանությունը դժվարությունների է բախվել, դիմել են իրենց օգնությանը։

«Ես հասկացա, թե խոսքն ինչի մասին է: Ասողները սխալ են ասում: Դա ունի պատմություն: Ես կանդրադառնամ այդ պատմությանը: Բայց անդրադառնամ, թե չանդրադառնամ, բոլորին էլ պարզ է այդ պատմությունը, երբ որ մենք առաջարկեցինք համատեղ կառավարել համայնքը, կանգնած միկրոֆոնների առջև ասում էին՝ 11-ը 10-ից շատ է: Այդ ժամանակ մեր կարիքը չկար: Իսկ երբ խնդիրներ ունեցան եւ համայնքի կառավարումը տապալեցին, այդ ժամանակ հիշեցին, որ կա Վալոդյա Գրիգորյան և կան մարդիկ, որոնք ավագանու անդամներ են: Այդ ժամանակ արդեն խնդրում էին, չեմ վախենում այդ բառից, որովհետեւ դա այդպես է, որ եկեք այս անենք, այն անենք: Հիմա էլ ասում են՝ մենք տապալել ենք: Մենք չենք տապալել: Ժողովուրդը շատ լավ գիտի ամեն ինչ: Ես տարիների ընթացքում հասցրել եմ շփվել յուրաքանչյուրի հետ: Ժողովուրդն իր գնահատականը մարտի 30-ին իր քվեով կտա: Նախորդ ընտրություններից հետո տեղի ունեցածը էլ չի լինի, որովհետև մեր կոալիցիան լինելու է ժողովրդի հետ, ինչը բերելու է հաղթանակ»,-ասել է Վալոդյա Գրիգորյանը:

ՏԻՄ ընտրությունները կայանալու են մարտի 30–ին։