AM
20 March 2025 - 10:26 AMT

Թաթոյան․ Տիգրան Ուլուբաբյանի մասով խախտվում են ՀՀ միջազգային պարտավորությունները

Արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից անմիջապես հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին:

«Տիգրանի խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոատիկանների պատճառված վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք (նվաստացում, հայհոյանքներ, սպառնալիքներ և այլն) պատճառելու մասին է:

Նրա մատնանշած բոլոր ոստիկանների լիազորությունները պետք է կասեցվեին մինչև քրեական վարույթի ավարտը:

Այնուհետև, քննությունը պետք է ստուգեր արդյոք խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները կարող են խոչընդոտել քննությանը: Եթե ստացվեր դրա փոքր-ինչ հաստատում, ապա ոստիկանները պետք է անհապաղ հեռացվեին աշխատանքից (սա որևէ կերպ չի բացառում քրեադատավարական հարկադրանքի միջոցները` ձերբակալում, կալանք և այլն):

Անհրաժեշտ էր իրականացնել տուժողի անհապաղ հարցաքննություն: Մինչդեռ Տիգրանին կիսատ-պռատ հարցաքննել են միայն աղմուկ բարձրանալուց հետո ու երեկվա ակցիայից հետո են միայն այսօր հրավիրել լրացուցիչ հարցաքննության:

Պետք էր անհապաղ նշանակել փորձաքննություն պարզելու համար խոշտանգմամբ Տիգրան Ուլուբաբյանի առողջությանը պատճառված վնասի, ինչպես նաև հոգեկան տառապանքի հարցերը: Նրան պետք էր անհապաղ ցույց տալ հոգեբանական աջակցություն:

Անհապաղ հարցաքննության են ենթակա ոստիկանները. խոսքը ոչ միայն այն ոստիկանների մասին է, որոնք ըստ Տիգրանի իրեն խոշտանգել են, այլ նաև նրանց անմիջական վերադասները:

Քանի որ Տիգրանը նշում է, որ ոստիկաններն իրեն այնպես են ծեծել, որ նրանց ոտքերն էլ են վնասվել ու դրանց վրա հետքեր են մնացել, ապա պետք է անհապաղ փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները:

Անհապաղ հարցաքննության են ենթակա վկաները (Ոտիկանության տվյալ ստորաբաժանման այլ ծառայողներ, Տիգրանի ընկերներ կամ ազգականներ և այլն): Ստուգման ու առկայության դեպքում անհապաղ առգրավման են ենթակա տեսախցիկներ ու դրանց տեսագրությունները, Ոստիկանության ստորաբաժանման մատյանները և այլն:

Պետք է իրականացվի այլ ապացույցների ամրագրում: Նշվածից բացի, քննչական մարմինը պարտավոր է պարբերաբար հանրությանը իրազեկել քննության ընթացքի մասին հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը:

Խոշտանգման գործերով գլխավոր տեղ ունեն ապացուցման բեռի ու ապացուցման ստանդարտի (չափանիշի) հարցերը: Անչափ կարևոր է այն, թե արդյոք կան խոշտանգման մասին դետալացված տվյալներ: Կոնկրետ դեպքում ակնհյատ է, որ դրանք առկա են:

Ըստ այդմ, եթե տուժողը ներկայացնում է խոշտանգման փաստը հաստատող մանրամասն տվյալներ, ապա ապացուցման բեռը դրվում է պետության վրա` պատշաճ ու արագացված քննությամբ բոլոր մանրամասներով հերքելու տուժողի խոսքերը կամ ցույց տալու, որ խոշտանգում չի եղել:

Այլ գործերի հետ համեմատությամբ խոշտանգման գործերով ապացուցման շեմը ցածր է: Այստեղ հաշվի է առնվում, որ անձը գտնվում է խոցելի վիճակում, մասնավորապես ազատությունից զրկված ու ոստիկանների վերահսկողության ներքո, միայնակ ու հոգեճնշող վիճակում, ոստիկաններից բացի այլ վկաներ չեն լինում և այլն: Եթե պետությունը չի կարողանում քննությամբ հերքել խոշտանգման փաստի մասին տուժողի հայտնած մանրամասները, ցուցաբերում է անգործություն կամ պատշաճ քննություն չի իրականացնում, ապա հիմք է ընդունվում հակառակ կանխավարկածը. հաստատված է համարվում, որ խոշտանգում տեղի է ունեցել:

Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ այս ամենի հիմքում քաղաքական որոշում է հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան: Նման ուշացումն արդեն խոշտանգման համար անպատժելիության հովանավորություն է և խոշտանգման խրախուսում:

Ընդ որում, յուրայինների «իրավունքների» վերաբերող գործերը բացահայտվում, հետապնդումները հարուցվում են կայծակնային արագությամբ: Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»` Սամվել Վարդնանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում»,- գրել է նա։

Մարտի 19–ի երեկոյան Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են քաղաքացիներ, իրավապաշտպաններ ու պատգամավորներ՝ ի պաշտպանություն 2025թ. մարտի 15-ին ոստիկանության Վանաձորի բաժնում մոտ մեկ տասնյակ ոստիկանների կողմից ենթադրյալ ծեծի ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի: Վերջինս նույնպես Քննչական կոմիտեի դիմաց էր: Ակցիայի մասնակիցները փորձեցին նույնիսկ ճանապարհ փակել:

Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Խոսակցությունից պարզ է դարձել, որ դեռ չեն պարզել, թե ովքեր են Տիգրանին ծեծող ոստիկանները: ՔԿ-ից առաջարկել են Տիգրանին լրացուցիչ հարցաքննել, սակայն առաջարկը մերժվել է՝ նշելով, որ փոխարենը Տիգրանը կարող է հերթով ցույց տալ իրեն ծեծող ոստիկաններին: