AM
20 March 2025 - 13:28 AMT

Անդրեասյան. Մշակութային աճուրդների բացակայությունը խոչընդոտում է արվեստի շուկայի զարգացումը

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կոչված են մշակութային աճուրդների դաշտի կայացման հիմքը դնել ՀՀ–ում։ Նախատեսվում է հնարավորություն ստեղծել հայկական շուկա միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչը կնպաստի միջազգային շուկաներում երկրի մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ մշակութային աճուրդների դաշտի բացակայությունը բացասաբար է անդրադառնում արվեստի շուկայի կայացման վրա։ Նա հավելել է, որ ներկայումս արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները սահմանված կարգավորում չունեն, և համագործակցություն չի ձևավորվել պատկերասրահների ու աճուրդային տների միջև։

Նախարարը խնդրահարույց է համարել այն, որ չկա գնի որոշման շուկայական մեխանիզմ։

«Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը և թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու և պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռքբերման տեսանկյունից

Կառավարությունն էլ ունի խնդիր, մենք արդեն երկու տարի է վերականգնել ենք թանգարանային հավաքածուների համալրման գործընթացը և ինքներս մշակութային արժեքները ձեռք բերելու խնդիր ունենք, որպեսզի նաև մեր ժամանակակից արվեստի գործերը ձեռք բերենք, բայց մենք բախվեցինք նույն խնդրին, որ չկա գնի որոշման շուկայական մեխանիզմ»,–ասել է նա։

Աանդրեասյանը նաև ասել է, որ մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից:

«Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու»,- ասել է նախարարը

Փաշինյանը նշել է**, որ եթե մեզ հաջողվի փորձառու և հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս:**

Նա նաև նշել է, որ անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում գրեթե չի ներկայացված։

«Սա կապ ունի պետականության ու անկախության ընկալման այն պրոբլեմների հետ, որի մասին խոսում ենք։ Աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, գնում են ու տեսնում շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է, վակուում է, ոչ մի բան չկա»,- նշել է նա։