Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը ողջունել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից արցախահայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը և հավելել է, որ հակառակ ՀՀ և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարությունների՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝
- Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,
- Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ համերաշխության համար,
- Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների և գործիչների ջանքերը,
- Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար և կայուն խաղաղություն հաստատելու հարցում,
- Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը,
Արձանագրում Է՝
- Հակառակ Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,
- Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,
- Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձևաչափերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,
- Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն է։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի և արցախահայության անվտանգ և երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել և պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձևաչափերում»։
Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։
Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։