AM
21 March 2025 - 12:08 AMT

Նախարար. Եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են, փորձաքննությունը պետք է տար ավելի բարդ նկարագրություն

Ազգային ժողովում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանների կողմից արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ շրջանառվող պնդումներին՝ նշելով, որ առկա դատաբժշկական և բժշկական տվյալները չեն համապատասխանում նման ծեծի նկարագրությանը։

Նա հավելել է, որ եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են նրան, ապա թե՛ դատաբժշկական փորձաքննությամբ, թե՛ հիվանդանոցում պետք է տրվեր ավելի բարդ նկարագրություն, սակայն դա չի հաստատվել, գրում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների խախտման դեպքում իրավապահ մարմինների մոտ մոտեցումներում չկա տարբերություն։

«Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա վրա կհասնի պատասխանատվություն` սուտ մատնության համար»,- հայտարարել է նա։

Նախարարը միաժամանակ նշել է, թե Ուլուբաբյանը ոստիկանություն է բերվել այլ գործի շրջանակում՝ կապված մեկ այլ արցախցու նկատմամբ իրականացված ավազակային հարձակման կասկածի հետ։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պետրոսյանը վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն կանցկացնեն` բացահայտելու համար Տիգրան Ուլուբաբյանին առերևույթ խոշտանգելու գործը։ Այդ մասին Քննչականում երեք ժամ տևած հարցաքննությունից հետո հայտնել է Ուլուբաբյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը:

Վանաձորում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի Մամիկոնյանց փողոցը ժամանակավորապես փակվել է ցուցարարների կողմից՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ոստիկաններին։ Որոշ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվել է։

Դեպքը տեղի է ունեցել Վանաձորում մարտի 14-ին: Քրեական գործը հարուցվել է չորս օր անց՝ մեծ աղմուկից հետո: Բայց մինչ օրս հստակ չէ, թե ինչ քննչական գործողություններ են արել իրավապահները, որ հայտնաբերեն Ոստիկանության Լոռու մարզային վարչության այն աշխատողներին, որոնք 29-ամյա արցախցուն կանչել են զրույցի ու, ինչպես Տիգրան Ուլուբաբյանն է պնդում, ստիպել, որ իր վրա վերցնի բարեկամի տնից կատարված գողությունը: