Հայաստանում 2024 թվականի մայիսի 1-ից գործարկված տուգանքների բոնուսային համակարգից օգտվող վարորդների թիվը այս պահին կազմել է 493,490։ Այս տվյալը հրապարակել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում։
Նրա խոսքով՝ մոտ 90,000 վարորդ օգտվում է 20 տոկոս զեղչից այն դեպքում, երբ խախտման վերաբերյալ ծանուցումները ստանում է էլեկտրոնային եղանակով, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարն ավելացրել է նաև, որ 403,490 քաղաքացիներ նախընտրել են վճարել տուգանքները սահմանված 15 օրվա ընթացքում և այդ կերպ օգտվել 30 տոկոս զեղչից։
«Սրանք վատ թվեր չեն, ու մենք պետք է շարունակենք այս գործիքակազմի խթանումը և հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ, որպեսզի թվային լուծումներից օգտվելը մեր քաղաքացիների համար դառնա նախընտրելի»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Գործող համակարգը նախատեսում է երկու տեսակի զեղչ։ Առաջինը՝ եթե վարորդը համաձայնվում է էլեկտրոնային եղանակով ստանալ խախտման ծանուցումները, տուգանքը նվազում է 20 տոկոսով։ Երկրորդը՝ եթե տուգանքն վճարվում է 15 օրվա ընթացքում, սահմանվում է 30 տոկոսի չափով զեղչ։
Այդուհանդերձ, այդ զեղչերը չեն կիրառվում այն խախտումների նկատմամբ, որոնք արձանագրվում են պարեկային ծառայության կողմից անմիջապես դեպքի վայրում, քանի որ տվյալ դեպքում տուգանքն նշանակվում է տեղում։
Տուգանքի բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է եղել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը գրանցվել պաշտոնական պորտալում, և այլ հարթակների միջոցով ստացված ծանուցումները չեն դիտարկվում որպես իրավունք վերապահող։