Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Նա ընդգծել է, որ այսօր, առավել քան երբևէ, չկա նման գործողությունների հիմք։
«Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով։
Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար, այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը և իրագործումը։
․․․Տեսեք, Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք՝ մեր օրակարգում եղած ո՞ր հարցը մենք պետք է ուժային սցենարով փորձենք լուծել: Այսինքն՝ պետք է դու օրակարգում ունենաս հարց, որն ուժային սցենարով պետք է լուծես: Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների սահմանով, ի՞նչ խնդիր ենք մենք փորձելու լուծել ուժային ճանապարհով»,- ասել է նա։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։