AM
24 March 2025 - 12:32 AMT

Աբրահամյան․ Թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելն իր մեջ ռիսկեր է պարունակում

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ վերջին 5-6 օրերին Ադրբեջանը տարբեր ուղղություններով համակարգված կերպով խախտել է հրադադարի պայմանավորվածությունները՝ փորձելով այդ գործողությունները վերագրել հայկական կողմին։

Նրա գնահատմամբ, պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե իրենք հաղորդագրություններ են տարածում միայն «վտանգավոր կրակոցների» դեպքում, իրականում պարզեցնում է, որ խախտումներ, այնուամենայնիվ, լինում են, սակայն ոչ կանոնավոր։

Նա նշել է, որ թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելն իր մեջ ռիսկեր է պարունակում:

«Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:

Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր, դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:

Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից կառանձնացնեմ 3-ը:

Առաջին`սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:

Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:

Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է` «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալ, ապա նա անպայման առիթը կգտնի»,–ասվում է գրառման մեջ։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։