AM
24 March 2025 - 12:55 AMT

Բողոքող վարդաշենցիներին ընդունել են քաղաքապետարանում․ Նրանք որոշել են ակցիան շարունակել կառավարության շենքի մոտ

Բողոքի ակցիայի դուրս եկած և Արգիշտիի փողոցը փակած Երևանի Վարդաշենի հանրակացարանի 68 ա շենքի բնակիչներին ընդունել են քաղաքապետարանում։

Նրանք դիմել էին քաղաքային իշխանություններին՝ հիշեցնելով նախընտրական փուլում տրված խոստումը, համաձայն որի՝ բնակարանային խնդիրը պետք է կարգավորվեր 1․5 տարվա ընթացքում։

Նրանք նախ չեն համաձայնվել, որ միայն իրենցից 6 ներկայացուցիչ բարձրանա շենք, պնդել են, որ քաղաքապետարանի աշխատակիցները գան հրապարակ՝ իրենց հարցերին պատասխան տալու համար, հայտնում է Auroranews.am-ը։

Ցուցարարները հայտնել են, որ պատրաստ են նստացույց սկսելու, եթե դա անհրաժեշտ դառնա։ Մի քանի ժամ անց, սակայն, որոշում է ընդունվել, որ իրենցից 6 ներկայացուցիչ բարձրանա քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես է շարունակվելու իրենց բնակարանային խնդրի լուծման գործընթացը։ Տարածքում տեղակայվել էին մեծաթիվ ոստիկաններ։

Հանդիպում ունենալով քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ, նրանք որոշել են ակցիան շարունակել ՀՀ կառավարության շենքի մոտ, հայտնում է Panorama.am-ը։

Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցած վեց քաղաքացիներից մեկն ասել է. «Պատասխանեցին՝ համբերեք, սպասեք, զբաղվում ենք, ամեն ինչ անում ենք: Ասացինք՝ մեզ հստակ պատասխան տվեք, հստակ օր, ամիս ու ժամ։ Ասաց՝ հստակ չեմ ասում, բայց երկու ամիս սպասեք:

Ինքն ասում է՝ պետք է սպասենք, բազմաթիվ գրավոր հարցուպատասխանի մեջ են, ասում են՝ պետք է համբերենք: Ասացինք՝ չենք համբերում, գնում ենք կառավարություն։ Մեզ համար հիմք կլինի այն, որ տարհանման գործընթացը սկսի, այդ որոշումը լինի»։

«Տեսնենք՝ կառավարությունն ինչ է ասելու: Մարդու տնից կոյուղաջուրը գնում է: Ոչ մի երկու ամիս, գնում ենք կառավարություն»,- ասել են ակցիայի մասնակիցները։

Նրանք նաև պահանջել են, որպեսզի կառավարությունից իրենց մոտ իջնի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քանի որ ըստ քաղաքապետարանի փոխանցման՝ նրան են ուղարկվել համապատասխան գրություններ»։

Վթարային շենքերի կոյուղու խողովակները վնասված են կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ և առաջին հարկեր։