ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի առաջիկա Ազգային ժողովի քառօրյա նիստին, որի ընթացքում քննարկվելու է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Քաղաքական ուժը նշել է, որ այդ քայլին դիմելը քաղաքական հետապնդման շարունակություն է, որն իրականացվում է օրվա կառավարիչների կողմից, այդ թվում՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ է։
«ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու։
Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար գործիք դարձած ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների քաղաքական գնահատականները տրված են ՀՀԿ Գործադիր մարմնի սույն թվականի մարտի 12-ի և մի շարք այլ հայտարարություններում»,–ասվում է հայտարարության մեջ։
ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և ՔՊ խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Տարոն Մարգարյանը, իր հերթին, գրառում է կատարել, որտեղ նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, և կոչ է արել «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններին չմասնակցել նիստերին։