AM
25 March 2025 - 08:34 AMT

Երևանում տեղակայվելու են օդի մոնիտորինգի ավտոմատ դիտակայաններ

Երևանի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի համակարգը կհամալրվի 2 նոր ավտոմատ դիտակայանով, որոնք ձեռք են բերվել պետական ֆինանսավորմամբ։ Այդ մասին ասել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով 2024 թվականի արդյունքները։

«Դիտակայաններն արդեն գտնվում են Երևանում։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ընթանում են տեղանքի նախապատրաստական աշխատանքները, որից հետո կտեղադրվեն և կհանձնվեն շահագործման”,–ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Շահագործումը նախատեսվում է 2025 թվականի 1-ին եռամսյակում։։

Ազիզյանն ընդգծել է, որ այդ արդիականացումը հնարավորություն կտա իրական ժամանակում ճշգրիտ չափել օդի աղտոտիչները, այդ թվում՝ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը և գետնամերձ օզոնը։