Կապանում կխթանվի ֆրանսերենի ուսուցումը և տարածումը։ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել են նոր բացված Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։
Համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու, ինչպես նաև Սյունիքի մարզի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար, հայտնում է համայնքապետարանը։
Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել կենտրոնում, դեսպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հետաքրքրվել մատուցվող ծառայություններով եւ զրուցել աշխատակիցների հետ։
Գևորգ Փարսյանը մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ Կապան-Սենթ Էթիեն քաղաքների միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների լավագույն օրինակներից է կենտրոնի հիմնադրումը։ «Կարծում եմ, որ կենտրոնը խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու տարածումը Կապանում»,- ասել է նա։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի հիմնադրման համար ու գնահատել Կապան-Սենթ Էթիեն համագործակցությունը՝ նշելով, որ այն օրինակելի է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր համագործակցային ծրագրեր և համագործակցության ընդլայնման ուղղություններ։
Սյունիք այցի շրջանակում դեսպանն այցելել էր նաև Մեղրի և Գորիս։ Իր գրառման մեջ նա նշել էր, որ Սյունիքը ՀՀ անքակտելի մասն է։