Քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը հայտնել է, որ այս պահին ենթադրաբար ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից բացի, որևէ այլ ապացույց գործով ձեռք չի բերվել։
«Ներկայումս բացի Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից այլ ապացույցներ չկան։ Երբ ապացույցներ ձեռք կբերվեն, այդ ժամանակ էլ վարույթ իրականացնող մարմինը կդիտարկի ոստիկաններին ձերբակալելու, հետապնդում հարուցելու, համապատասխան խափանման միջոցներ կիրառելու նպատակահարմության հարցը»,- ասել է Շիրազ Գրիգորյանը «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով քննարկման ժամանակ, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ Տիգրան Ուլուբաբյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնց մեղադրում է իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Սակայն նախաքննության ներկայիս փուլում պահանջվում է ձեռք բերել այդ ցուցմունքը հաստատող լրացուցիչ ապացույցներ, որոնց համադրությամբ հնարավոր կլինի գնահատել ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ հանցանքի փաստը։
«Սակայն ներկայումս Ուլուբաբյանի ցուցմունքից բացի այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատնեն ոստիկանների կողմից վերջինիս նկատմամբ բռնության գործադրելու հանգամանքը»,- նշել է ՔԿ պաշտոնյան։
Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ակնկալվում էր, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ կարձանագրվեն Տիգրանի մարմնական վնասվածքները, սակայն ըստ փորձաքննության՝ նման վնասվածքներ նրա մոտ չեն հայտնաբերվել։
«Տիգրանը նաև հայտնել էր, որ ոստիկանները թքել են իր վրա։ Տուժողի կողմից հագուստը ներկայացվել է, նշանակվել է կենսաբանական փորձաքննություն՝ պարզելու, թե հագուստի վրա առկա՞ են թքի հետքեր, թե՞ ոչ, եթե կան, նույնակացման ենթակա՞ են, նույնականացման դեպքում պատկանում է ոստիկանների՞ն, թե՞ ոչ»,- հավելել է ՔԿ ներկայացուցիչը։
Արցախից տեղահանված 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատակիցներին՝ իրեն խոշտանգելու մեջ։ Նրա պնդմամբ՝ ազգականի տան վրա կատարված ավազակային հարձակումից հետո իրեն են կասկածել, ոստիկանություն հրավիրել «զրույցի», գիշերը պահել բաժնում և վարչության պետի ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել, վիրավորել և նվաստացրել։
Տիգրանի և մի խումբ քաղաքացիների բողոքի ակցիաները շարունակվում են ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց, որտեղ նրանք պահանջում են անմիջապես ձերբակալել վեց ոստիկանին։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել խոշտանգման հոդվածով, և գործը փոխանցվել է Երևանի քննչական վարչություն։