AM
25 March 2025 - 13:23 AMT

«Ականատես». Համայնքապետերը պետք է հեռացնեն օրենքի խախտմամբ փակցված նյութերը

Գյումրիում նախընտրական քարոզարշավը թևակոխել է ակտիվ փուլ` քաղաքական ուժերից շատերը տարածել են քարոզչական տպագիր նյութեր, որոնք, սակայն, ըստ «Ականատես» դիտորդական առաքելության՝ հաճախ չեն համապատասխանում օրենսդրական պահանջներին։

«Ականատես» առաքելությունը շեշտել է՝ օրենքի դրույթների խախտմամբ տեղադրված քարոզչական նյութերը համայնքի ղեկավարը պարտավոր է հեռացնել, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել ոստիկանության աջակցությանը։ Սակայն փաստվում է, որ այս լիազորությունն էլ հիմնականում չի կիրառվում։

Նշվում է, որ այդ նյութերը հաճախ փակցվել են արգելված կամ չնախատեսված վայրերում, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի մուտքեր, փողոցային լուսասյուներ, առևտրային կետեր և այլ հասարակական տարածքներ։ Բացի այդ, բազմաթիվ պաստառներ չեն պարունակել պարտադիր մակնշում՝ տպաքանակի, տպարանի կամ պատվիրատուի տվյալներ։ Որոշ դեպքերում քարոզչական նյութերը չափից շատ կենտրոնացված են եղել մեկ վայրում՝ ամբողջությամբ ծածկելով փողոցային հատվածներ և չթողնելով տարածք այլ ուժերի համար։

Նմանատիպ խախտումները նաև դժվարեցնում են ծախսերի վերահսկողությունը, քանի որ պաստառներն ու թռուցիկները հաճախ պատրաստվում և տարածվում են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից։

Մարտի 24-ին տեղի են ունեցել նաև քարոզչական պաստառների վնասման դեպքեր։ Դրանք արձանագրվել են «Սրբազան պայքար» շարժման «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ժամանակ։ Նշվում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով արգելվում է քարոզչական նյութերը ցանկացած ձևով վնասել։

Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանվում է, որ նախընտրական շրջանում քարոզչական պաստառների դիտավորյալ վնասման դեպքում կարող է նշանակվել 50,000-ից մինչև 100,000 դրամի չափով տուգանք։

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։