Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնն ու «Հայաքվե» դիտորդական առաքելությունն համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից նախընտրական քարոզչության խախտում է եղել։
Նշվում է, որ թեկնածուն օգտագործել է պաշտոնական հաղորդագրությունը քարոզչական նպատակներով։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին»։
Համաձայն նույն օրենսդրության՝ ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, պետական ծառայողները նախընտրական և ընդհանուր ընտրական գործընթացում պարտավոր են պահպանել քաղաքական զսպվածության սկզբունքը։
Ընտրություններին մասնակցող թեկնածուները, հայտարարության համաձայն, իրավունք չունեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ անել պետական պաշտոնական հաղորդագրությունների միջոցով կամ տարածել նմանատիպ լուսանկարներ, տեսանյութեր և այլ նյութեր, որոնք կարող են վերաբերել իրենց՝ որպես թեկնածուի գործունեությանը։
Մասնավորապես,
«Գյումրու համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները։
Վերջինս՝ իր ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում»,–ասվում է հայտարարության մեջ։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում անցկացվելու են մարտի 30–ին։