ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պահվածքը դատապարտելի է և անհրաժեշտ է ձեռնարկել պատժամիջոցներ։
Նա նշել է, որ այս անգամ պետք է քայլեր ձեռնարկվեն նրան պատասխանատվության ենթարկելու համար, այլապես նման դեպքերը դարձել են շարունակական, հայտնում է Panorama.am-ը:
«Այն, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը բացարձակապես չի համընկնում պատգամավորի գործունեության և երաշխքիների մասին օրենքով պայմանավորված նորմերին, միանաշանակ է՝ խախտել է լրագրողի մասնագիտական գործունեության ազատության իրավունքը, խտրական վերաբերմունք դրսևորել լրագողների նկատմամբ, ինչը սահմանադրական արգելք է։
Անդրանիկ Քոչարյանը նաև սեքսիզմին բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, ինչը ևս խտրական վերաբերմունք է, իսկ խտրական վերաբերմունքը Հայաստանի Սահմանադրությամբ արգելված է։ Հետևաբար, պատգամավորը պետք է կրի պատասխանատվություն»,- ասել է Թովմասյանը։
Թովմասյանի կարծիքով՝ իշխող ուժը, եթե ցանկանում է դուրս գալ նման վարքագծի պատասխանատվությունից, ապա պարտավոր է համագործակցել և ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորների՝ էթիկայի հանձնաժողովի ձևավորման համար։
«Խորհրդարանի ներսում պետք է պայքարել, որ Անդրանիկ Քոչարյանը զրկվի պատգամավորական մանդատից լրագրողի հետ անհարգալից խոսելու, լրագրողի հետ խուլիգանական վարքագիծ դրսևորելու համար»,- հավելել է նա։
Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ, երբ Անդրանիկ Քոչարյանը, լինելով պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դիմել է լրատվականի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանին՝ պահանջելով նրան փոխել դիրքը և չխանգարել։ Լրագրողի պարզաբանում ստանալու փորձի ժամանակ պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։