Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
Սուրեն Գասպարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Մարտի 27–ին Գյումրիում կատարվել են քննչական միջոցառումներ՝ ներառյալ խուզարկությունները, ձերբակալությունները և հարցաքննություններ։ Գասպարյանից բացի կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին։
Մարտուն Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:
Մեկ այլ գրառմամբ Բաբայանը նշել էր, որ այս պայմաններում Մարտուն Գրիգորյանը շարունակել է քարոզարշավը և մասնակցել Հանրայինի եթերում թեկնածուների բանավեճին:
«Բայց իշխանությունը միշտ պետք է հիշի, որ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների ձերբակալմամբ է փորձել ճնշել…»,–գրել է նա։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում, երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը նշել է, որ տվյալ պահին նախաքննությունն ընթացքի մեջ է՝ հավելելով, որ հետագայում հասարակությանը կտրվեն հավելյալ մանրամասներ: