AM
28 March 2025 - 06:39 AMT

«Անկախ դիտորդ»․ ՔՊ–ն ասուլիս էր հրավիրել, երբ իրավապահները դեռ տեղեկություն չէին հրապարակել

2025 թվականի մարտի 30-ին նախատեսված Գյումրու և Փարաքարի ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է խորը անհանգստություն՝ նշելով, որ նախընտրական շրջանում աճել է լարվածությունն, իսկ իրավական գործընթացները թափանցիկ չեն իրականացվում։

Ըստ դաշինքի հայտարարության՝ վերջին օրերին արձանագրվել են մի շարք ուշագրավ և մտահոգիչ դեպքեր, որոնք վերաբերում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ իրավապահների կտրուկ գործողություններին, իրականացված խուզարկություններին և որոշ կուսակցական գործիչների կալանավորմանը։

Մասնավորապես, նշվել է, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում իրականացված խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, ըստ տեղեկության, պատգամավորներին ու փաստաբաններին չի թույլատրվել մուտք գործել, ինչն արգելել է իրավաբանական օգնության տրամադրումը։

Դաշինքի հաղորդմամբ՝ համացանցում հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ իրավապահները գործողություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում։ Նշվել է նաև, որ նրա բնակարանը ենթարկվել է խուզարկման, իսկ ընտանիքի անդամները՝ ձերբակալվել։

Նույն օրը, երբ այս դեպքերի վերաբերյալ իրավապահները դեռ չէին հրապարակել որևէ պաշտոնական հաղորդագրություն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, թե տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խաթարվել է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։

«Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն»,ասվում է հայտարարության մեջ։

Դաշինքն ընդգծել է, որ ունի երկարամյա փորձ դիտորդական առաքելության ոլորտում և «խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ»։

Միևնույն ժամանակ, դաշինքը հիշեցրել է, որ իրավապահները, վարվելով ընտրական հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով, պարտավոր են գործել ոչ միայն օպերատիվ ու արդյունավետ, այլև՝ հաշվետու և թափանցիկ՝ ապահովելով հանրային իրազեկվածություն։

Ընտրական գործընթացների զգայունությունը հաշվի առնելով՝ «Անկախ դիտորդ» դաշինքը գտնում է, որ ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության սկզբունքով՝ բացառելով քաղաքական հետապնդման կամ ընտրական միջամտության տպավորությունը։

Դաշինքը շեշտել է, որ շարունակելու է հետևել ընտրական զարգացումներին, արձանագրել և արձագանքել հնարավոր խախտումներին՝ նպաստելով ազատ, արդար և վստահություն ներշնչող ընտրական գործընթացի կայացմանը։

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Փարաքարում կայանալու են մարտի 30–ին։