AM
28 March 2025 - 10:26 AMT

ԱԳՆ․ Սիրիա ուղարկված 80 տոննա մարդասիրական բեռը ներառում է սնունդ և այլ պարագաներ

Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունն իրականացվել է մարտի 21-ին՝ հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի հունվարի 27-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

ԱԳՆ-ից մանրամասնել են, որ Սիրիա ուղարկված 80 տոննա մարդասիրական բեռը ներառում է սնունդ և պարագաներ, բայց այդպես էլ չեն հայտնել, թե հումանիտար բեռի համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել։ Արտաքին գերատեսչությունից արձագանքել են, որ այդ հարցերն իրենց իրավասության շրջանակից դուրս են։

«Մարգարայի» անցակետը, ըստ ԱԳՆ-ի, բացվել է հենց այդ նպատակով՝ Հայաստան-Թուրքիա երկկողմ համաձայնության արդյունքում։

ՀՀ կառավարությունը մարտի 20-ի նիստի ընթացքում՝ առանց զեկույցի, որոշում էր ընդունել մարտի 21-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Մարգարայի անցակետը բաց պահելու վերաբերյալ՝ Սիրիա փոխանցվող մարդասիրական բեռները Թուրքիայի տարածքով տեղաշարժելու նպատակով։ Կառավարական որոշման մեջ շեշտվել է, որ նման քայլը պայմանավորված է հումանիտար օգնության ցամաքային ճանապարհով փոխանցման անհրաժեշտությամբ։

«Մարգարա» անցակետը ժամանակավորապես բացվել էր նաև 2023 թվականին՝ Թուրքիայի ուժգին երկրաշարժից հետո։ Այդ ժամանակ Հայաստանը փետրվարի 8-ին փրկարարների խումբ էր ուղարկել Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին և 15-ին՝ մարդասիրական աջակցություն։ 2022 թվականին հայ-թուրքական բանագնացները պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, սակայն այդ համաձայնությունը մինչ այժմ չի իրականացվել՝ Թուրքիայի դիրքորոշման պատճառով։

Հայաստանը վերանորոգել է «Մարգարա» անցակետը, իսկ փետրվարի 25-ից սկսած՝ այդ կետում սահմանային հսկողությունն ամբողջությամբ իրականացնում են ՀՀ սահմանապահ զորքերը։