Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների օրը իրենց աշխատակազմը գործել է սկսած վաղ առավոտից։ Պաշտպանի հանձնարարությամբ ուսումնասիրվել է ավելի քան 300 հրապարակում, որոնք տեղադրված են եղել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
ՄԻՊ գրասենյակը փաստել է նաև, որ ընտրական գործընթացներում արձանագրվել է ատելության, խտրական հռետորաբանության և հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչը որակվել է որպես անթույլատրելի։
Մշտադիտարկման արդյունքում ի հայտ են բերվել հրապարակումներ, որոնք վերաբերել են ընտրողների վրա ճնշման փորձերին, տեղամասերում կողմնակի անձանց ներկայությանը, մարդկանց կուտակումներին, քվեարկության գաղտնիության խախտմանը, տեղամասերի կահավորման վիճակին, ընտրողների ցուցակների տեսանելի տեղում չլինելուն և այլ խախտումներին։
Պաշտպանի աշխատակազմը նաև հատուկ ուշադրությամբ վերլուծել է տեղեկատվությունը, որը վերաբերել է լրագրողների և դիտորդների գործունեության հնարավոր խոչընդոտներին։
Բացի վերլուծական աշխատանքից, պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել են տեղամասային կենտրոնների չհայտարարված այցեր՝ ընտրական միջավայրի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար դիտարկելու նպատակով։
Այդ այցելություններին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Արդյունքում արձանագրվել են խնդիրներ՝ կապված տեղամասերի մուտքի տարածքի, շենքերի կառուցվածքի, քվեարկության սենյակի հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցների մատչելիության ապահովման հետ։ Այս խոչընդոտները գրանցվել են նույնիսկ այն տեղամասերում, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նշված են որպես մատչելի կամ մասամբ մատչելի։
Օրինակներից մեկում արձանագրվել է, որ թեկուզ ցուցակում սենյակը նշված է եղել առաջին հարկում, իրականում գտնվել է նկուղում, իսկ մուտքը եղել է միայն աստիճաններով։
Նույնպես գրանցվել են խնդիրներ՝ տեղեկատվության մատչելիության առումով. տեղամասերն ապահովված չեն եղել խոշորացույցերով, և գրանցվել է իրազեկվածության պակաս՝ բրայլյան կաղապարների կիրառման մասին։
Բացի այդ, ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ մի ընտրող հաշմանդամության պատճառով չի կարողացել դուրս գալ տանից և մասնակցել ընտրություններին, ինչը պայմանավորված է օրենսդրորեն շրջիկ արկղով քվեարկելու հնարավորության բացակայությամբ։
Նշվում է, որ արձանագրված բոլոր խախտումներն ու դիտարկումներն ամփոփվելու են, և համապատասխան գրություններ կուղարկվեն լիազոր պետական մարմիններին։
ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Համայնքի ղեկավար ընտրելու համար քաղաքական կոալիցիաներ կազմելու անհրաժեշտություն կառաջանա։Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։
Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։