AM
1 April 2025 - 12:15 AMT

Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին:

Նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ըստ նույն օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի, եթե պատգամավորն իր հրաժարականի դիմումը հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում գրավոր կերպով հետ է վերցնում, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հայտարարություն է անում: Սակայն եթե պատգամավորն այդ ընթացքում հրաժարականը ետ չի կանչում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի աշխատակազմը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումը։

Մարտի 30-ին՝ Գյումրու ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել լրագրողների և ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողի՝ Սարիկ Մինասյանի հնարավոր պարտության վերաբերյալ հնչեցրած հարցին Գաբրիելյանը արձագանքել է, թե կուրախանա։ Նա նաև նշել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։