Ամերիկյան առողջության ազգային ինստիտուտի տվյալները փաստում են, որ վերջին տարիներին էապես աճել է էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, հատկապես երիտասարդների ու մարզիկների շրջանում, ինչն առաջ է բերել առողջական մի շարք ռիսկեր։ Հիմնական մտահոգությունները վերաբերում են սրտանոթային և նյարդային համակարգերի խանգարումներին, ինչպես նաև կախվածության առաջացման հավանականությանը։ Այդ պատճառով առաջնահերթություն է դարձել ուսումնասիրել այս ըմպելիքների սուր կամ շարունակական չարաշահման հնարավոր հետևանքները մարդու առողջության վրա։
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
ՀՀ–ում նույնպես ներկայումս բավականին մեծացել է էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, որոնք ակտիվորեն գովազդվում են որպես էներգիա տվող և ուժերը վերականգնող միջոցներ՝ լռելով դրանց հակացուցումների, հնարավոր բարդությունների, կախվածության առաջացման և չափից շատ օգտագործման դեպքում առողջական լուրջ խնդիրների ի հայտ գալու հնարավորության մասին՝ հատկապես երեխաների ու դեռահասների շրջանում:
Նշվում է, որ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում 2025թ.-ի հունվարի 22-ին օրենքով արգելվել է ՀՀ-ում 18 տարին չլրացած անձանց բացի ալկոհոլային խմիչքներից նաև էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը։
Նշվում է նաև, որ հատկապես բացասական ազդեցություն է արձանագրվել սրտանոթային և նեյրովեգետատիվ համակարգերի վրա։ Մասնավորապես, նույն վերլուծության շրջանակում արձանագրվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը մահվան ելքով։
«Բժշկական շտապօգնության ծառայություններին դիմելու հաճախակիության աճն ու մահացության դեպքերը մեծ մասամբ կապվել են էներգետիկ ըմպելիքների հետ։ Գրականության լայնածավալ ուսումնասիրությամբ՝ ԱՄՆ-ի ԱԱԻ-ն ընդգրկել է 32 դեպքի զեկույց և 19 կլինիկական հետազոտություն, որոնք ցույց են տվել էլեկտրոֆիզիոլոգիական խանգարումներ և իշեմիկ հետևանքներ՝ պայմանավորված այս ըմպելիքների գործածմամբ։ Ամենատարածված երևույթներից են եղել փորոքային առիթմիան, վերփորոքային տախիկարդիան և սրտամկանի իշեմիան, որոնցից 3-ը հանգեցրել են մահվան։ Բացի այդ, արձանագրվել են PR/PQ միջակայքի, ինչպես նաև QT/QTc և ST-T հարաբերակցության լուրջ տատանումներ։
Նման կողմնակի ազդեցությունների պատճառը կապվում է էներգետիկ ըմպելիքներում առկա նեյրոխթանիչ բաղադրիչների՝ հատկապես կոֆեինի գերակշռությամբ։ Կենդանիների վրա իրականացված փորձերն ի ցույց են դրել, որ մարդկանց մոտ արձանագրվող ազդեցությունները գրեթե համընկնում են կենդանիների մոտ ստացված տվյալների հետ։
Հաշվի առնելով այս փաստերը՝ մասնագետները խորհուրդ են տվել սահմանափակել այս ըմպելիքների օգտագործումը՝ նույնիսկ ավելի խստորեն, քան՝ միայն կոֆեինի պարունակությունը կարգավորելիս։
Էներգետիկ ըմպելիքների շուկան զգալիորեն աճել է վերջին տարիներին՝ հատկապես երիտասարդ սպառողների շրջանում։ Արդյունքում, 1977-2009 թվականների ընթացքում դեռահասների և երեխաների շրջանում կոֆեինի ընդունումը աճել է 70 տոկոսով։ Սննդի ու առողջության ազգային հետազոտությունները փաստել են, որ Միացյալ Նահանգներում ED-ի սպառումը դեռահասների և մեծահասակների շրջանում շարունակաբար ավելանում է։ SAMHSA-ի տվյալներով՝ շտապ բուժօգնության ծառայություններին դիմած անձանց մեծ մասն եղել է 18-39 տարեկան»,–ասվում է հետազոտության մեջ։
Նշվում է նաև, որ վերջին տարիներին շտապօգնության բաժանմունքներին կատարված այցելությունները, որոնք կապվում են այս ըմպելիքների օգտագործման հետ, կտրուկ աճել են։
«Ըստ առողջության և սննդի ազգային հետազոտությունների՝ դեռահասները օրական օգտագործում են միջինում 61 մգ կոֆեին։ Թեև ընդհանուր առմամբ երիտասարդների կողմից կոֆեինի օգտագործումը նվազել է, սակայն էներգետիկ ըմպելիքների օգտագործման միտումը հակառակ ընթացք է գրանցել։
ED-ներում պարունակվող կոֆեինի քանակը լայնորեն տատանվում է՝ մեկ շշում հասնելով 50-ից մինչև 505 մգ, իսկ կոնցենտրացիան՝ 2,5-ից մինչև 171 մգ՝ 28 մլ-ի դիմաց։ Համեմատության համար նշվում է, որ 170 գրամանոց եփած սուրճում կոֆեինի կոնցենտրացիան կազմում է 77-ից 150 մգ։
Մեծահասակների համար կոֆեինի անվտանգ օրական չափաբաժինը համարվում է մինչև 400 մգ, իսկ 12-18 տարեկանների համար՝ 100 մգ”,–ասվում է հետազոտության մեջ։
Արձանագրված ռիսկերն ու վնասները տարբեր երկրներում հանգեցրել են սահմանափակող քաղաքականությունների մշակմանը։ Օրինակ՝ Դանիան, Թուրքիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Լատվիան, Ուրուգվայը և Իսլանդիան արգելել են էներգետիկ ըմպելիքների վաճառքը։