17 հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանի որոշ արտահայտությունների առնչությամբ՝ նշելով, որ Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը։
«Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով, որն է` «Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառ են դառնում»,–ասվում է հայտարարության մեջ։
Դատապարտելով նման արտահայտությունները՝ կազմակերպությունները շեշտել են, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության մի շարք հիմնադրույթների, այդ թվում՝ 3-րդ, 77-րդ և 29-րդ հոդվածներին, ինչպես նաև հակասում են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։
Ըստ ՀԿ-ների՝ քաղաքական գործչի կողմից նմանատիպ արտահայտությունները ոչ միայն հարված են հասցնում քաղաքացու արժանապատվությանը, այլև խոչընդոտում են նրա իրավունքների լիարժեք իրացմանը։
«Կարծում ենք, որ քաղաքական գործչի կողմից հանրայնորեն հայհոյանքները, բռնարար վարքագիծն ու խտրական վերաբերմունքը խրախուսելը ոչ միայն կասկածի տակ է դնում քաղաքացուն՝ որպես բարձրագույն արժեք ընկալելը, այլև վտանգ է ստեղծում իրավունքների լիարժեք իրացման համար:
Այսօրինակ մոտեցումները կարող են նպաստել հասարակական և իրավական կարգուկանոնի պահպանմանն ու նպաստել քրեական ենթամշակույթի խորացմանը։ Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկացած հայտարարության ազդեցությունը և չնպաստի գենդերային խտրականության, ատելության խոսքի և/կամ խտրականության խորացմանը, ինչպես նաև, պետք է նպաստի հավասարության և փոխըմբռնման ամրապնդմանը։
Նկատում ենք, որ այն միակ դեպքը չէ, ուստի, կոչ ենք անում՝ բացառել խտրական արտահայտություններն ու խոսույթները։
Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը՝ նպաստելով արդար և ներառական միջավայրի ստեղծմանը»,– ասվում է հայտարարության մեջ։
Այն ստորագրել են՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ–ն, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ–ն, «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ–ն, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ–ն, «Կանանց Կենտրոն․ Շուշի» ՀԿ–ն, «Փինք» իրավապաշտպան ՀԿ–ն, 7․ «Իրավունքի ուժ» ՀԿ–ն և ևս 10 հասարակական կազմակերպություն։