Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում գումարվել է ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի նիստ, որի ընթացքում դիտարկվել է 2024-2026 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ծրագրի առանցքային ուղղություններն ու դրանց շրջանակում իրականացված քայլերը։
Արփինե Սարգսյանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցառումները նպատակ ունեն ձևավորել հանրային վերահսկողության տակ գործող կառուցվածքային ու գործառնական լիարժեք համակարգ, ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մեխանիզմներ, ամրապնդել բարեվարքության սկզբունքները և բարձրացնել ոստիկանության հանրային հաշվետվողականությունը։
Բացի այդ, ուշադրություն է դարձվել կրթական միջավայրի զարգացմանը, ժամանակակից մարտահրավերներին հակազդող մասնագիտական համակարգի ձևավորմանը, ոստիկանության կողմից մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությանը, ինչպես նաև՝ հանրային վստահության և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։
Ըստ զեկույցի՝ 2024 թվականի համար նախատեսված 25 միջոցառումից 24-ը արդեն իրականացվել են, իսկ մեկը՝ մասնակի։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև թվայնացման ուղղությամբ արված առաջընթացին։ Մասնավորապես, սահմանվել են հանրային ծառայությունների որակի չափորոշիչներ, մշակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան գործողությունների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համապարփակ վերլուծություն, և մեկնարկած է «Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» նախաձեռնությունը։
Նախարարը հայտնել է նաև, որ արդեն գործում է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրը՝ քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է ոչ միայն որպես կրթական, այլև՝ հետազոտական կենտրոն։